BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նրան էլ՝ փառք

Նրան էլ՝ փառք
14.11.2014 | 11:59

Երեկվանից ֆուտբոլային աշխարհի գերազանց մասը ընկերական հանդիպումների ակտիվ շրջափուլում է հայտնվել: Մինչ այսօրին անդրադառնալը, մի երկու հիշատակում արդեն իսկ կայացածներից:

Արգենտինայի ընտրանին Լոնդոնում մրցել է Հորվաթիայի հավաքականի հետ ու կամային հաղթանակ տարել 2:1 հաշվով: Աշխարհի գործող փոխչեմպիոնների կազմում աչքի են ընկել Ագուերոն ու Մեսին:
Ամստերդամում սուր մրցակցություն է ծավալվել Հոլանդիա-Մեքսիկա հանդիպումում: Ի պատասխան տանտերերի երկուսի, հյուրերը երեք անգամ են գրավել նրանց դարպասը: Միջանկյալ նկատենք, որ Գուս Հիդինկի գլխավորությամբ հանդես եկող հոլանդացիներն արդեն բնավորություն են դարձնում սեփական մարզասերին վշտացնելը:
Սեփական մարզասերին խոր ապատիայի մեջ է գցել Թուրքիայի ընտրանին: Բրազիլացիները սամումի պես են անցել նրա վրայով՝ չորս անգամ ստիպելով գնդակը հանել դարպասից: Այստեղ առանձնացնենք Նեյմարի դուբլը: Ի դեպ՝ նշենք, որ այս խաղից հետո տված հարցազրույցում աշխարհի հնգակի չեմպիոնների գլխավոր մարզիչ Դունգան ի մասնավորի ասել է. «Մենք ուրախ ենք, որ մեզ նորից ընդունում են որպես լավ թիմի: Տեսնելով, թե մեր երկրպագուներն ինչպես են մեզ համար ցավում, մենք սկսում ենք հպարտանալ մեզնով: Դա մեզ վերադարձնում է մեր վստահությունը, մենք օրեցօր ավելի լավն ենք դառնում: Վատ օրերը մնացել են հետևում: Մենք թիմային ոգին նորից հետ ենք բերել»:
Բրյուսելյան Բելգիա-Իսլանդիա դիմակայությունում անվիճելի է եղել տանտերերի առավելությունը: Բելգիացիները հաղթել են 3:1 հաշվով:
Այժմ այսօր պորտուգալական Ֆարու քաղաքում կայանալիք Պորտուգալիա-Հայաստան հանդիպման մասին, որը, ի դեպ, 23.45-ից հեռարձակվելու է Հանրային հեռուստատեսությամբ: Խաղի կարևորության մասին չխոսենք, քանզի այն ինքնին հասկանալի է: Շատ կարևոր է, որ վերջապես մեր ընտրանիում են գրեթե բոլոր ուժեղագույնները ու որ նրանք լիովին կամ մասամբ ձերբազատվել են վնասվածքներից: Իհարկե, մեր առաջատարների խաղային պրակտիկայի բացակայությունը չի կարող չզգացվել, բայց հուսանք, որ այն կկոմպենսացվի մերոնց վարպետությամբ: Մրցակիցը հարկավ «նվերներից» չէ. մենակ Ռոնալդուն ամեն ինչ արժե, բայց մենք էլ մատաղացու գառ չենք, որ դանակը դնեն վզներիս ու քաշեն: Խաղալու ենք. տասնմեկը նրանք են, տասնմեկը՝ մենք, ու որիս մերը տղա բերեց, նրան էլ փառք:
Բնականաբար հանդիպման շրջանակներում մեծ հետաքրքրությամբ է սպասվում Ռոնալդու-Մխիթարյան դիմակայությունը: Ինչ խոսք՝ պորտուգալացին համաշխարհային ֆուտբոլի եզակի մեծություններից է, բայց մեր տղան էլ իր քաշն ու կշիռն ունի, թե չէ գերմանացիները հենց այնպես չէ, որ ընտրությունը կանգնեցրին Մխիթարյանի վրա: Այստեղ, ինչպես ասում են, առանց սիրուն սև աչերի հեռու չես գնա: Ի դեպ՝ գերմանացիներ ասացի ու մոռացա ավելացնել, որ, աշխարհասփյուռ հայությունից զատ, Հայաստանի ընտրանին ոգևորության հզոր ազդակներ է ստանալու նաև այս երկրից: Մի խոսքով, գլուխներդ ինչ ցավեցնեմ, Պիրենեյների վրա գրոհում ենք՝ թիկունքներիս կենտրոնական Եվրոպա ունենալով: Այնպես որ՝ առաջ, Հայաստան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ